Marine Aghajanyan

Welcome !

Month: December, 2013

Հեղափոխության ալիքը Հայաստան էլ կհասնի

Ընդդիմախոս, երիտասարդ ակտիվիստ Աննա Պապիկյանը խոստացավ իր համախոհների հետ մեկտեղ դիմել կոշտ քաղաքականության` հասնելով հեղափոխության, եթե իշխանությունը չդադարեցնի Մաքսային Միության հետ համաձայնագրի ստորագրումը:

 

Այսօր` դեկտեմբերի երեքին կայացած մամլո ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց Ա. Պապիկյանը:

 

Մամլո ասուլիսին, որի ժամանակ քննարկվեցին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցին առնչվող մի շարք հարցեր,ինչպես նաև Մաքսային Միությանը միանալու, <<Հայ-ռուս Գազարդ>> ընկերությանը պատկանող հայաստանյան վերջին 20 % մանդատները և գազի սակագնի նվազեցումը,  ներկա էին ՀՀ էներգետիկայի նախարար տիկին Շուշանիկ Ղուկասյանը, ընդդիմության ներկայացուցիչ Աննա Պապիկյանը և “Squirrell” գազի կաթսաների հայաստանյան ներկայացուցչության տնօրեն տիկին Նունե Վարդանյանը:

 

Տիկին Շ. Ղազարյանը ներկայացրեց այն բոլոր դրական կողմերը, որոնք Հայաստանը ձեռք կբերի Մաքսային Միությանը միանալու դեպքում. այն է` տնտեսական նոր առաջընթացներ, նոր աշխատատեղերի ստեղծում, բարեկեցիկ պայմաններ:

 

“Squirrell”-ի ներկայացուցիչը ևս հանդես եկավ հայտարարությամբ, որ գազի կաթսաների գները ևս կտրուկ կնվազեն, ինչպես նաև կվերանայվեն վաճառքի պայմանները:

Արցախյան “Հորովելը” ադրբեջանական “հիթ”

Վերջերս ադրբեջանական պաշտոնական մամուլում, լրատվական կայքերում և մի շարք այլ տիրույթներում հայտնվել է տեղեկություն, որտեղ ադրբեջանցի փորձագետները հաստատում են, որ Հորովել երգը ադրբեջանական ազգային երգ է, որը բնութագրում է ադրբեջանցու` տանջանքով և քրտինքով հաց վաստակելու ազնիվ ճանապարհը: Նկարագրվում են այն ատրիբուտները, որոնք կցվել են եզին` լուծ և գութան, մանրամասն նկարագրվում է տաժանակիր աշխատանքը, որն իրականանցնում է կենդանին` մարդու հավատարիմ ընկերը, որը ևս անհանգստանում է տիրոջ բարեկեցուրյան համար: <<Այս ամենը հնարավոր էր նկարագրել միայն երգի միջոցով, քանզի յուրաքանչյուր գյուղացի և հողագործ երգի միջոցով էր արտահայտում իր սերն ու նվիրվածուրյունը հողի և գյուղատնտեսական աշխատանքների հանդեպ, ինչն էլ արել է ադրբեջանցի հողագործը>>, -նշել է ադրբեջանցի մշակութաբան Հասան Սեմեկովը:

<<“torpaq həsr olunmuş mahnı”` «երգ նվիրված հողին » կամ ավելի կոնկրետ հաց վաստակելուն, առաջին անգամ հնչել է ադրբեջանական այն հատվածում, որտեղ այժմ բնակվում են ղարաբաղցիները, այսինքն` Լեռնային Ղարաբաղում: Սովետական  միության ժամանակ, երբ հայերն ու ադրբեջանցիները այդ տարածքում ապրում էին եղբայրության սկզբունքով` հաշվի չառնելով կրոն և մշակույթ, նրանք նաև արարում էին միասին: Հենց այդ ժամանակ հայերը իրենց ազգային մտածողությանը համապատասխան էլեմենտներ են հայտնաբերում այդ ստեղծագործության մեջ և սկսում են թարգմանել երգը և երգել:Ադրբեջանցիները ըմբոստանում են` հարցնելով, թե ինչու են հայերը իրենց երգը երգում, որին ի պատասխան մի արցախցի ասում է, թե պարզապես հոլովել են որոշ բայեր` համապատասխանեցնելով հայերի հողագործական աշխատանքներին: Այդտեղից էլ առաջանում է երգի հայկական տարբերակը` “ՀՈՐՈՎԵԼ” >>, իր հոդվածում նշում է մշակութաբանը: 

 

Հայ մշակութաբանները արագ արձագանքեցին կեղծ հոդվածին`բերելով մի շարք պատմական փաստեր:

<<Հորովել (նաև՝ հոռովելգութաներգ), հայ գյուղացու հողագործական աշխատանքի ավանդական երգը (նաև՝ հիմնական երգատեսակը), որը հնչել է գութանով վար անելիս, բանող անասուններին, ինչպես և հոտաղներին ոգևորելու, աշխատանքը թեթևացնելու ու խթանելու նպատակով։ Արտահայտել է նաև գյուղացու սոցիալական բողոքը, անձնական հույզերն ու ապրումները։ Անվանումը ծագել է առավել բառից, որը նշել է երկու արտի սահմանագիծը ներկայացնող, չհերկվող հողաշերտը։ Գութանավորը, ձգտելով շուտ հասնել առավելին, այդ բառը միացրել է հո՜ բացականչությանը. գոյացել են հոռովել կապակցությունը և դրա կրճատ ըռավել, ռավել, ռոլ, հոռոլ, հոռոլո և այլ տարբերակները, որոնք դարձել են գութաներգին բնորոշ բացականչություններ։ Երգի կատարումն անվանել են առավել ասել կամ առավել տալ: Հորովել անվան տակ սովորաբար հասկացվել են նաև կալի ու սայլի երգերը (տես Կալերգ), որոնք Հորովելի հետ ընդհանուր հատկանիշներ ունեցող, բայց ինքնուրույն երգատեսակներ են։ Հորովելներն աշխատանքի ընթացքում հանպատրաստից գոյացած երգեր են, սակայն հիմնված գյուղացու ավանդաբար մշակված-յուրացված խոսքային և ելևէջային պաշարի վրա։ Խոսքերի (արձակ և չափածո) հիմնական նյութը աշխատանքն է, հացը, բնությունը. մեծ տեղ է բռնում բացականչությունները և ձայնանմանեցումը, պարունակում են նաև աղոթքի ու հեթանոսական հավատալիքի տարրեր։ Մեղեդիական առումով Հորովելներն ասերգի և եղանակավոր երգեցողության սերտ զուգորդում են. նրանցում ցայտուն արտահայտվել են գեղջուկի իմպրովիզացիայի բարձր կարողությունն ու ստեղծագործ. փորձը, դրսևորվել նաև առանձին տեղավայրերի երաժշտության հատկանիշներ (հուզական արտահայտման կերպը, արտասանության ռիթմն ու ինտոնացիան, նախասիրված ելևէջները ևն)։ Վարի բաղակազմ աշխատանքի ամեն մի օղակը, որպես կանոն, անդրադարձել էՀորովելի երաժշտության մեջ, որը խոշոր կառուցվածքի ժողովրդական հորինվածք է, բաղկացած միմյանց համադրվող ինքնուրույն (երբեմն՝ հակադրական) բաժիններից՝ նախաբան, անընդմեջ զարգացող բուն Հորովել, զարգացման բարձրակետ և վերջաբան։ Աշխատանքի ծավալից ու մասնակիցների թվից կախված՝ երգեցողությունը ընդունել է պարզ կամ բարդ ձև, երկրորդ դեպքում երևան են եկել բազմաձայնության տարրեր (զարգացած անտիֆոն, նմանակող բազմաձայնում, բազմատոն զուգահեռ երգեցողություն)>>, -նշվել է հայ մշակութաբանների, ազգագետների և այլ մասնագետների պատասխան հոդվածում: http://www.youtube.com/watch?v=YrVoepvPUX8 նշված լինկում երգի Արցախյան տարբերակն է, որտեղ ոչ մի ադրբեջանական ծագման բառ չի օգտագործվել կամ թարգմանվել:

 

Ադրբեջանը շատ անգամ է փորձել դիմել խորամանկության` խեղաթյուրելով պատմական փաստերը, որպեսզի ամեն կերպ ապացուցի իր անմեղսունակությունը արցախյան հակամարտություններում, գողացել և փոփոխել է հայ մշակույթի որոշ տարրեր` աշխարհին ի ցույց դնելով, որ Ադրբեջանն աշխարհի ամենահին պետություններից է և ունի իր հետքը համաշխարհային մշակույթի պատմության մեջ:

Սակայն այս լկտիությունը հասել է իր գագաթնակետին, որը գրեթե անվերահսկելի է:

 

Հակոբ Ինջիղուլյան -ադրբեջանական կեղծարարության վերջին մոհիկանը

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ամենայն հավանականությամբ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով, 1991 թվականին ծնված շարքային Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի վերահսկվող տարածքում։

Դիրքում որոշակի բացթողումներ են եղել, որի պատճառով զինծառայողը հարկադրված է եղել դուրս գալ իր դիրքից ու գնալ ջուր բերելու այլ տեղից։ Ամառվա շոգին այս գործողությունը երկար է տևել։ Ինջիղուլյանը, որն այդ օրն արդեն երրորդ անգամ էր գնացել ջուր բերելու, պառկել է մի քիչ հանգստանալու հակատանկային խրամում։ Ուշ ժամ է եղել, երբ փոսում արթնացել է, տեղում չի կողմնորոշվել։ Այդ հատվածն այնպիսին է, որ հնարավոր է անցնել հակառակորդի կողմ։

ՊԲ հրամանատարը իր խոսքում նշել է, որ ամեն դեպքում մեր մեղքը մերն է։ Մեղավորներն արդեն պատժվել են։ Դիրքի ջրի մատակարարմամբ զբաղվող, ինչպես նաև Ինջիղուլյանի բացակայությունը ժամանակին չնկատած, իր հետևից չգնացած անձինք հանված են պաշտոնից:

ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանի կարծիքով ադրբեջանական կողմը օգտագործում է Հակոբ Ինջիղուլյանի` գերության մեջ գտնվելու փաստը` միջազգային հանրության առջեւ Հայաստանին վարկաբեկելու համար: Կամո Հովհաննիսյանը նկատում է, որ ադրբեջանական կողմը այդկերպ ընդամենը իր քարոզչական մեքենան է աշխատեցնում`աշխարհի առաջ  հայերին ու Հայաստանը բացասական երանգներով ցույց տալու համար: «Ադրբեջանական կողմը փորձում է քարոզել, աշխարհի աչքին փորձում է մեզ` հայերիս, մեր բանակը վարկաբեկել, այսինքն` նա հնարավոր բոլոր տարբերակները փորձում է օգտագործել` մեր տնտեսությանը վնաս տալու, մեր վարկանիշը գցելու,մեր հասարակ քաղաքացու հոգեբանության վրա ազդելու համար: Հակոբ Ինջիղուլյանի գերի ընկնելու հանգամանքը եւս առիթ է»,-ասում է Կամո Հովհաննիսյանը:

Նա հավաստում է, որ Հակոբ  Ինջիղուլյանի հետ աշխատել են հատուկ ծառայություններ,  հնարավոր է, որ անգամ փորձել են վախեցնել` եթե վերադառնա Հայաստան, գուցե նրան կդատեն: Այդ համատեքստում չի բացառվում, որ անգամ կարող են համոզած լինել, որ Հակոբը հանձնվի 3-րդ երկիր, ստանա փախստականի կարգավիճակ: Այս եւ Հակոբ Ինջիղուլյանի բերանից հնչած ցանկացած ծրագրավորված հակահայկական միտք ուղղված է հենց Հայաստանի ու հայերի դեմ, և որ այդ քայլերը լրատվական պատերազմի մի մասն են կազմում:

Եթե այդ տեղեկատվությունը ադրբեջանական իշխանությունների կողմից իրականցվող հերթական քարոզչական հնարք չէ, ապա դրա տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաքվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի` իր մանդատի շրջանակումներ գրավումը` Հակոբ Ինջիղուլյանին փախստականի կարգավիճակ շնորհելու գործընթաց սկսելու մասով: Հայկական կողմը բազմիցս վերահաստատել է Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու իր խոստումը՝ այսպիսով բացառելով «հետապնդումների զոհ դառնալու հիմնավորված երկյուղի» հավանականությունը, առավել ևս, որ չկան ռասայական, ազգային պատկանելության, կրոնի, քաղաքական կարծիքի կամ այլ առումներով այդ երկյուղը հաստատելու հիմքեր:

ԿԽՄԿ ներկայացուցիչներն օրերս Բաքվում հանդիպել էին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ։ Հանդիպման արդյունքների մասին հոկտեմբերի 15-ին տեղեկացրել էին ռազմագերու հարազատներին։ Այս առնչությամբ ՊՆ-ն ևս իր դիրքորոշումն է հայտնել։

Ռազմինֆոյի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ պաշտպանության նախարարության որդեգրած դիրքորոշումն այս հարցում չի փոխվել։

«Մենք չենք հավատում Բաքվի այն լուրերին՝ իբր Հակոբ Ինջիղուլյանը ցանկանում է երրորդ երկիր գնալ։ ՊՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանը հանգիստ կարող է վերադառնալ Հայաստան, ինքը որևէ պատասխանատվության չի ենթարկվելու։ Մենք շարունակում ենք որոշակի քայլեր ձեռնարկել»,-շեշտել է մամուլի քարտուղարը։

ՀՀ ՊՆ առաջին տեղակալը կոչ է արել ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակին և այլ շահառուներին նմանօրինակ դեպքերի քննարկման ժամանակ հաշվի առնել վերոնշյալ հանգամանքները: Նա նաև նշել է, որ Ինջիղուլյանին «փախստականի կարգավիճակ» շնորհելը միգուցե և հնարավորություն է գերության մեջ խուսափելու նրա նկատմամբ ֆիզիկական բռնություններից, խոշտանգումներից և այլ ողբերգական հետևանքներից, ինչպիսիք տեղի են ունեցել նախկինում նման դեպքերի ժամանակ (մասնավորապես ադրբեջանական գերության մեջ սպանված հովվի՝ Մանվել Սարիբեկյանի դեպքը): Բացասական նախադեպերը պետք է բացառվեն, հետևաբար հնարավոր գործողությունները պետք է առավելագույնս զգուշորեն և բազմակողմանիորեն քննարկվեն: Նա միաժամանակ ընդգծեց փախստականի կարգավիճակ սահմանելու մանդատային գործընթացում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի անկախությունը և դրա բացառապես մարդասիրական, ոչ քաղաքական մանդատը: Հայկական կողմը պատրաստ է գոյություն ունեցող միջազգային և այլ ձևաչափերում առանց միջնորդական ջանքերի երկկողմանի մակարդակով ադրբեջանական իշխանությունների հետ քննարկել այսօրինակ դեպքերը:

Հայ գերու մասին տեղեկությունները Հայաստան են հասնում հիմնականում ադրբեջանական մամուլի միջոցով:

Ադրբեջանական գերության մեջ գտնվող զինվոր Հակոբ Ինջիղուլյանի՝ ադրբեջանական ANS հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցը խիստ մտահոգել է հայ ազգին, այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վերջերս համացանցում տարածվեց մի հարցազրույց, որտեղ Հակոբ Ինջիղուլյանը պատմում էր այն մասին, թե ինչն է եղել հայրենիքը լքելու իրական պատճառը: Կայծակնային արագությամբ, մեկը մյուսի ետևից այդ հարցազրույցը տեղադրեցին բոլոր հայկական լրատվամիջոցները` մեկ դատապարտելով ռազմագերուն, մեկ խղճալով և գիտակցելով իրավիճակը:

Համացանցում տարածված հարցազրույցում /http://www.youtube.com/watch?v=2_-MRrLo9WU/ հայ ռազմագերին պատմում է, որ վաշտի հրամանատարն իրեն ջրի է ուղարկել: Ինքը հրաժարվել է, հրամանատարը հարվածել է իր աչքին, ինչից նվաստացած կամավոր անցել է ադրբեջանական սահմանը։

Ըստ ընտանիքի անդամների` հայ զինծառայողը ճնշումների տակ է նման հայտարարություններ արել՝ վկայելով, որ ծառայության հետ կապված որևէ խնդիր երիտասարդը չի ունեցել։

«Մենք բացառում ենք դա, տեսանյութում իր ժեստերը, ինքը՝ ինքը չէր: Դա արվել է ստիպողաբար: Մենք չգիտենք նրա հետ ինչպես են վարվում, շատ հետաքրքիր է՝ նրա մարմնի վրա կա՞ն կապտուկներ, թող դա էլ ցույց տային… ուղղակի Ադրբեջանի համար սա շոու է»,- ասել է զինվորի զարմուհին՝ Արփինե Դիլանյանը։

«Դժվարանում եմ ասել, ինչն է նպատակը, բայց մեզ Ադրբեջանի այս մեթոդները շատ ծանոթ են՝ ամեն գնով հասնել հայկական կողմին վարկաբեկող տեղեկությունների տարածմանը,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, – բայց անկախ ամեն ինչից մենք սպասում ենք մեր զինվորի վերադարձին, և անկախ նրանից, թե ինչ է հայտարարում նա այնտեղ, իր նկատմամբ քրեական հետապնդում չի լինի Հայաստան վերադարձի դեպքում։ Հակառակորդի մոտ գտնվող զինվորի ասածը երբեք չի կարող լինել հիմնավոր»։

http://www.aravot.am/2013/08/15/276515/

http://razm.info/

http://aysor.info/am/news/22424

 

Հայ-ադրրեջանական հարաբերություններ

 

Հարավային Կովկասը գտնվում է Ասիա երկրամասում` Մեծ Կովկասի Ջրբաժան լեռնաշղթայից հարավ: Հարավային Կովկասում են գտնվում Կուր-Արաքսյան դաշտավայրերը, Փոքր Կովկասի լեռնաշղթան, Հայկական լեռնաշղթայի մի հատվածը, Արցախի լեռնաշղթան, և այլն: Հարավային Կովկասում են գտնվում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունները, ինչպես նաև Արցախը, Հարավային Օսիան և Աբխազիան:

Հարավկովկասյան տարածաշրջանում ապրող երիտասարդները  վերջին  20 տարիների  ընթացքում   ապրել  և  դաստիարակվել  են  հարևան  երկրների  միջև   քաղաքական  կոնֆլիկտների  և  ռազմական  գործողություների  մեջ և ենթարկվել  այն  ազդեցություններին, որոնք  առնչվել են  իրենց  սոցիալական    կյանքին , կրթությանը, մտածելակերպին`  առանց  սեփական  կարծիքն արտահայտելու  հնարավորության :

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի այժմյան փուլն սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում:

1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքներին: Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձեւավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը:

Լեռնային Ղարաբաղում եւ հարակից հայաբնակ տարածքներում ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկ զտումների քաղաքականությունը վերաճեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի եւ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների:

Ադրբեջանը ոչ մի անգամ չանսաց միջազգային հանրության, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող ՄԱԿ ԱԽ բանաձեւերում ամրագրված կոչերին` դադարեցնել ռազմական գործողությունները եւ վարել խաղաղ բանակցություններ:

Պատերազմի արդյունքում Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղի որոշ հատվածները: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ անցան հարակից շրջաններ, որոնք արգելափակեցին ադրբեջանական կողմից ԼՂ բնակավայրերի հետագա հրետակոծումը:

1994թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը կնքեցին զինադադար, որը` չնայած խախտումներին, ուժի մեջ է մինչև օրս:

Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Վերջին տասնամյակում հիմնախնդրի կարգավորման համանախագահների առաջարկած մի քանի տարբերակներ մերժվել են Ադրբեջանի կողմից. վերջինը 2001 թվականի «Փարիզյան սկզբունքներն» էին, որոնք ամփոփվել էին կողմերին ներկայացված Քի Վեստի փաստաթղթում:

Ներկայումս բանակցություններն ընթանում են 2007թ. նոյեմբերին համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկություններիհիման վրա:

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունված միակ ձեւաչափով տարվող բանակցություններին եւ դրանք Մինսկի գործընթացի շրջանակներում ընթանալու պայմանավորվածություններին, Ադրբեջանը` խեղաթյուրելով հակամարտության էությունն ու հետեւանքների բուն պատճառները, նաեւ փորձեր է ձեռնարկում հակամարտության կարգավորման մեջ ներքաշելու այլ միջազգային կազմակերպությունների եւ բանակցային գործընթացը խոչընդոտող եւ քարոզչական նպատակներ հետապնդող զուգահեռ գործընթացներ է նախաձեռնում մասնավորապես ՄԱԿ ԳԱ-ում եւ Եվրոպայի խորհրդում:

Ադրբեջանի վարած ռազմատենչ ագրեսիվ քարոզչությունը եւս կասկածի տակ է դնում փոխզիջումային կարգավորման հասնելու Ադրբեջանի ցանկությունը, հայտարարությունները, ստանձնած հանձնառություններն ու դրանց լրջությունը: Ադրբեջանը նավթային եկամուտներից ստացված գումարները շարունակում է ուղղել ռազմական բյուջեի ավելացմանը եւ մեծ քանակությամբ հարձակողական սպառազինությունների ձեռքբերմանը` կոպտորեն ոտնահարելով անվտանգության եւ ռազմաքաղաքական ոլորտի մի շարք համաձայնագրեր եւ պարտավորություններ: Ըստ էության, Ադրբեջանը տապալում է նաեւ կողմերի միջեւ վստահության ամրապնդմանն ուղղված տնտեսական, քաղաքական, ռազմական եւ հումանիտար բնույթի բոլոր նախաձեռնությունները: Մասնավորապես Ադրբեջանը մերժում է տարածաշրջանային համագործակցություն ծավալելու հայկական կողմի եւ շփման գծից դիպուկահարների հետքաշման Մինսկի խմբի համանախագահների կատարած առաջարկությունները:

Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության: Հայաստանը գտնում է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի հետեւյալ սկզբունքների վրա.

  • Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը,
  • Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ պետք է ունենա հայկական կողմի իրավազորության տակ գտվող անխափան ցամաքային կապ,
  • Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է միջազգայնորեն երաշխավորված լինի:

Այս սկզբունքների ընդունումն ու պայմանագրային ամրագրումը հնարավորություն կընձեռի հասնել հիմնախնդրի համալիր կարգավորմանը:

Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն ձեւաչափ, որը կարգավորման ուղիներ գտնելու բավականաչափ ներուժ ունի:

Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով: Ադրբեջանի փորձերը ուժի սպառնալիքով կորզելու միակողմանի զիջումներ ոչ միայն ի սկզբանե դատապարտված են ձախողման, այլեւ շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը:

Լեռնային Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում, եւ, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ բարոյական հիմքեր:

http://vesti.ua
http://actualitati.md
http://panorama.am
«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 6, 2013
http://www.findarmenia.com/arm/history/27/574/577
http://www.mfa.am/hy/country-by-country/az/
http://www.mfa.am/hy/artsakh/