Հայ-ադրրեջանական հարաբերություններ

by mariemarien

 

Հարավային Կովկասը գտնվում է Ասիա երկրամասում` Մեծ Կովկասի Ջրբաժան լեռնաշղթայից հարավ: Հարավային Կովկասում են գտնվում Կուր-Արաքսյան դաշտավայրերը, Փոքր Կովկասի լեռնաշղթան, Հայկական լեռնաշղթայի մի հատվածը, Արցախի լեռնաշղթան, և այլն: Հարավային Կովկասում են գտնվում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունները, ինչպես նաև Արցախը, Հարավային Օսիան և Աբխազիան:

Հարավկովկասյան տարածաշրջանում ապրող երիտասարդները  վերջին  20 տարիների  ընթացքում   ապրել  և  դաստիարակվել  են  հարևան  երկրների  միջև   քաղաքական  կոնֆլիկտների  և  ռազմական  գործողություների  մեջ և ենթարկվել  այն  ազդեցություններին, որոնք  առնչվել են  իրենց  սոցիալական    կյանքին , կրթությանը, մտածելակերպին`  առանց  սեփական  կարծիքն արտահայտելու  հնարավորության :

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի այժմյան փուլն սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում:

1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքներին: Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձեւավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը:

Լեռնային Ղարաբաղում եւ հարակից հայաբնակ տարածքներում ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկ զտումների քաղաքականությունը վերաճեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի եւ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների:

Ադրբեջանը ոչ մի անգամ չանսաց միջազգային հանրության, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող ՄԱԿ ԱԽ բանաձեւերում ամրագրված կոչերին` դադարեցնել ռազմական գործողությունները եւ վարել խաղաղ բանակցություններ:

Պատերազմի արդյունքում Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղի որոշ հատվածները: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ անցան հարակից շրջաններ, որոնք արգելափակեցին ադրբեջանական կողմից ԼՂ բնակավայրերի հետագա հրետակոծումը:

1994թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը կնքեցին զինադադար, որը` չնայած խախտումներին, ուժի մեջ է մինչև օրս:

Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Վերջին տասնամյակում հիմնախնդրի կարգավորման համանախագահների առաջարկած մի քանի տարբերակներ մերժվել են Ադրբեջանի կողմից. վերջինը 2001 թվականի «Փարիզյան սկզբունքներն» էին, որոնք ամփոփվել էին կողմերին ներկայացված Քի Վեստի փաստաթղթում:

Ներկայումս բանակցություններն ընթանում են 2007թ. նոյեմբերին համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկություններիհիման վրա:

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունված միակ ձեւաչափով տարվող բանակցություններին եւ դրանք Մինսկի գործընթացի շրջանակներում ընթանալու պայմանավորվածություններին, Ադրբեջանը` խեղաթյուրելով հակամարտության էությունն ու հետեւանքների բուն պատճառները, նաեւ փորձեր է ձեռնարկում հակամարտության կարգավորման մեջ ներքաշելու այլ միջազգային կազմակերպությունների եւ բանակցային գործընթացը խոչընդոտող եւ քարոզչական նպատակներ հետապնդող զուգահեռ գործընթացներ է նախաձեռնում մասնավորապես ՄԱԿ ԳԱ-ում եւ Եվրոպայի խորհրդում:

Ադրբեջանի վարած ռազմատենչ ագրեսիվ քարոզչությունը եւս կասկածի տակ է դնում փոխզիջումային կարգավորման հասնելու Ադրբեջանի ցանկությունը, հայտարարությունները, ստանձնած հանձնառություններն ու դրանց լրջությունը: Ադրբեջանը նավթային եկամուտներից ստացված գումարները շարունակում է ուղղել ռազմական բյուջեի ավելացմանը եւ մեծ քանակությամբ հարձակողական սպառազինությունների ձեռքբերմանը` կոպտորեն ոտնահարելով անվտանգության եւ ռազմաքաղաքական ոլորտի մի շարք համաձայնագրեր եւ պարտավորություններ: Ըստ էության, Ադրբեջանը տապալում է նաեւ կողմերի միջեւ վստահության ամրապնդմանն ուղղված տնտեսական, քաղաքական, ռազմական եւ հումանիտար բնույթի բոլոր նախաձեռնությունները: Մասնավորապես Ադրբեջանը մերժում է տարածաշրջանային համագործակցություն ծավալելու հայկական կողմի եւ շփման գծից դիպուկահարների հետքաշման Մինսկի խմբի համանախագահների կատարած առաջարկությունները:

Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության: Հայաստանը գտնում է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի հետեւյալ սկզբունքների վրա.

  • Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը,
  • Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ պետք է ունենա հայկական կողմի իրավազորության տակ գտվող անխափան ցամաքային կապ,
  • Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է միջազգայնորեն երաշխավորված լինի:

Այս սկզբունքների ընդունումն ու պայմանագրային ամրագրումը հնարավորություն կընձեռի հասնել հիմնախնդրի համալիր կարգավորմանը:

Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն ձեւաչափ, որը կարգավորման ուղիներ գտնելու բավականաչափ ներուժ ունի:

Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով: Ադրբեջանի փորձերը ուժի սպառնալիքով կորզելու միակողմանի զիջումներ ոչ միայն ի սկզբանե դատապարտված են ձախողման, այլեւ շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը:

Լեռնային Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում, եւ, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ բարոյական հիմքեր:

http://vesti.ua
http://actualitati.md
http://panorama.am
«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 6, 2013
http://www.findarmenia.com/arm/history/27/574/577
http://www.mfa.am/hy/country-by-country/az/
http://www.mfa.am/hy/artsakh/